Բելգիան կարևորում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը. Սենատի նախագահ

aysor.am - 01/11
Երևանում գտնվող Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյն ու նրա գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի և ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ նոյեմբերի 1-ին այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։

Քրիստին Դըֆրենյն ու պատվիրակության անդամները Բելգիայի Թագավորության Սենատի անունից ծաղկեպսակ են դրել Մեծ եղեռնի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։
Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, գրառում կատարել հուշամատյանում։
Քրիստին Դըֆրենյը, նշելով, թե Բելգիան առաջին երկրներից է, որը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, հավելել է. «Մենք շարունակում ենք Սենատում մեր աշխատանքները և կարևորում ենք Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը, որն անհրաժեշտ է և զոհերի, և Ցեղասպանությունն իրականացնողների ժառանգների համար։ Մենք ցանկանում ենք, որ մի օր հայկական և թուրքական համայնքները միասին հավաքվեն»։