Այսօր, 2020-ի սեպտեմբերի 27-ից մեկ տարի անց, առաջին անգամ պաշտոնապես հրապարակվեց, թե քանի մարդ է զոհվել, և քանիսն են անհետ կորել պատերազմի ընթացքում։ Զոհերի թիվը 3781 է, անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Գերությունից վերադարձել են 108 զինծառայող և քաղաքացիական անձ ...

Մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին բոլորիս համար անսպասելի սկսված պատերազմը գլխիվայր շրջեց իրականության մասին ունեցած մեր պատկերացումները։

Պատերազմը մտավ մեզանից յուրաքանչյուրի տուն, սակայն շատերի տներից այն այդպես էլ դուրս չեկավ՝ խեղելով ապրողների ճակատագրերը։

Պատերազմը մի քանի երես ունի, դա բոլորս գիտենք, այն նաև ունի շերտեր, որոնց մասին շատերս պատկերացում անգամ չունենք։ Ծանր է հատկապես նրանց համար, ովքեր իրենց հարազատի մահից հետո փորձում են ապրել, բայց արդեն ոչ իրենց կյանքով, այլ իրենց կորցրած հարազատի։ Այս ընտանիքների կյանքը կանգ է առել իրենց որդու, եղբոր, հոր, ամուսնու կամ ընկերոջ մահվան օրը, իսկ դրան հաջորդող օրերն ու ամիսները, գոյատևման և հիշատակի պահպանման օրեր են ընդամենը։ Ամեն ընտանիք այսօր վշտի իր սեփական պատմությունն է ապրում։

Անցած մեկ տարվա ընթացքում մենք 365 անգամ անիծել ենք պատերազմն ու այն սկսողներին, անընդհատ վիճել ու հաշտվել ենք մեր ընկերների ու հարազատների հետ՝ պատերազմում կրած մեր պարտության, նրա պատճառների ու հետևանքների հարցերով: 

Մի բան ակնհայտ է. մոտ 3 տասնամյակ թշնամին պատրաստվել էր, իսկ մենք 30 տարի ապրել ենք՝ գլուխներս փափուկ բարձին դրած, բանակի միջոցները մսխելով, բանակում գործ չանելով, մեծմեծ խոսելով ու դրա հետ մեկտեղ դիվանագիտական հարթություններում պարտություններ կրելով, թշնամուն թերագնահատելով։

Կարելի էր, արդյո՞ք, խուսափել այսպիսի կործանարար պատերազմից ... չգիտեմ, այս հարցի պատախանը բնականաբար ես չունեմ, բայց մի բան հստակ գիտեմ. եթե 30 տարի առաջ ձեռք բերված հաղթանակը գնահատեինք ոչ միայն մեր կենացներում, եթե բարիկադներն ու բաժանարար գծերը կառուցեինք սահմանի վրա և ոչ թե մեր կյանքում, եթե ի վիճակի լինեինք իրատեսորեն գնահատել մեր թշնամու հնարավորությունները, պատկերն ի հարկե այսօր այլ կլիներ:

Փառք հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած տղաներին.

Արմինե Հարեյան

Բելգիայի Հայերի Կոմիտե