Ս․թ․ հոկտեմբերի 18-19-ին Բելգիայի Վալոնիայի շրջանի արտահանման և ներդրումային գործակալության և Բելգիա-Հայաստան առևտրային պալատի հրավերով Հայաստան էին այցելել  դեղագործության, շինարարության, էլեկտրոնիկայի, թափոնների վերամշակման ոլորտները ներկայացնող բելգիացի գործարարներ։

Այդ առիթով Արմենպրես լրատվական գործակալության կողմից հրավիրվել էր մամլո ասուլիս, որին մասնակցում էին Հայաստանի հանրապետությունում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դը Մույնքը, Բելգիա-Հայաստան առևտրային պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը և Վալոնիայի տարածաշրջանի արտահանման և ներդրումային գործակալության առևտրի և ներդրումների խորհրդատու Էրիկ Բլետաղը։

Ըստ վերջինիս, բելգիացի գործարարները հետաքրքրված են ինչպես Հայաստանի շուկայով, այնպես էլ Հայաստանի միջոցով այլ շուկաներ դուրս գալու հնարավորություններով․ «Համագործակցության հնարավորություններ կան առողջապահությանմ  ծառայությունների և հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։  Բելգիան այս  ոլորտում լավ մասնագետների կարիք ունի, և Հայաստանը կարող է օգնել այդ հարցում։ Հայ մասնագետները մեծ համբավ ունեն դրսում»,-ասաց Էրիկ Բլետաղը։ 

Բելգիա-Հայաստան առևտրային պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը նշեց, , բելգիական ընկերությունները կարող են քննարկել Հայաստանի հետ համագործակցություն դեղագործության, լոգիստիկայի և ՏՏ ոլորտներում։ Հայաստանը բավականին ակտիվ է այդ ոլորտներում,  դեռևս նույնիսկ խորհրդային ժամանակներից, իսկ Բելգիան, իր հերթին, հանդիսանում է եվրոպական մրցունակության կենտրոն։  «Հայաստանն ունի, օրինակ, նանոտեխնոլոգիայի ոլորտում մասնագիտացված ընկերություններ, և կարող է համագործակցել Բելգիայի և մասնավորապես Վալոնիայի հետ, որն ունի համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններ այս ոլորտում»,- նշում է նա։ Նա նաև մանրամասնեց, որ Բելգիան հետաքրքիր երկիր է հայկական ընկերությունների համար այնտեղ հիմնվելու և եվրոպական շուկան ուսումնասիրելու համար։

ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դը Մույնքը նշեց, որ երկու երկրների տնտեսական հարաբերությունները զարգացնելու առումով մեծ ներուժ կա ամենատարբեր ոլորտներում։ Եվ Հայաստանում բացված Բելգիայի դեսպանությունը կարող է կարևոր դերակատարում ունենալ այդ գործում։ Ըստ դեսպանի՝ դեսպանության համար մի շարք կարևոր գործոններ կան, մասնավորապես՝ աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում ու տարածաշրջանում, ինչպես նաև Եվրոպային ավելի մերձենալու Հայաստանի իշխանությունների ցանկությունը։

«Բելգիան ցանկություն ունի նաև սատարել Հայաստանում ժողովրդավարական գործընթացները։ Բելգիան ԵՄ հիմնադիր անդամ երկրներից մեկն է և մեր երկիրը ցանկանում է մասնակցություն ունենալ տարածաշրջանում խաղաղության գործընթացին»,-ասաց դեսպան Էրիկ դը Մույնքը։

Նա նաև նշեց, որ  որ Հայաստանում Բելգիայի դեսպանությունը պատրաստակամ է աշխատել Հայաստանի իշխանությունների, հայկական տարբեր կառույցների և դերակատարների հետ՝ ամրապնդելու երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ տնտեսական։

Բելգիայի հայերի կոմիտեն, ողջունում է Հայաստան Բելգիա մերձեցման այս քայլը և հույս հայտնում, որ այն ոչ միայն կխթանի տնտեսական և տեխնոլոգիական առաջընթացը, այլև կամրապնդի դիվանագիտական կապերն ու մշակութային փոխանակումները մեր երկու ժողովուրդների միջև։