Բելգիայի Հայերի Կոմիտեն ցավով է տեղեկացել հուլիսի 12-ին  Ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի հյուսիսային սահմանում հարձակման մասին: Այս մեծ հարձակումը՝ չնայած համաճարակի ընթացքում ՄԱԿ-ի կողմից հայտարարված հրադադարի ռեժիմի պահպանման կոչին, աննախադեպ է այն առումով, որ այն նպատակադրված է թիրախավորել սահմանային բնակավայրերը, այդ թվում նաև մանկապարտեզները: Առնվազն 16 մարդ՝ ադրբեջանցիներ և հայեր զոհվել են այս շաբաթ տեղի ունեցած մարտերում:

Ինչպես նշում են ԶԼՄ-ների մեծ մասը, այս մարտը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին դրվագն է, որը տևում է գրեթե 30 տարի: Բելգիայի հայերի կոմիտեն հորդորում է դաշնային կառավարությանը, լրատվամիջոցներին, ինչպես նաև մեր համաքաղաքացիներին ավելի մեծ ուշադրություն դարձնել այս հակամարտությանը, իսկ ԵՄ անդամ պետություններին տարածաշրջանում  ունենալ կառուցողական ներդրում խաղաղության և անվտանգության ոլորտում։

Բելգիական ԶԼՄ-ները սովորաբար յուրաքանչյուր բախման ժամանակ կրկնում են, որ «Բաքուն և Երևանը մեղադրում և սպառնում են միմյանց»։ Սակայն ամենևին մտահոգված չեն  վերանայել իրադարձությունների դրդման հաջորդականությունը, որոնք հանգեցրել են իրավիճակի սրացմանը և ճիշտ գնահատել կողմերի պատասխանատվությունը։

Այսպիսի լրատվամիջոցները արտացոլում են Եվրամիության և Բելգիայի կառավարության կողմից ցուցաբերած անտարբերությունը հակամարտության նկատմամբ: Այս անգամ էլ Եվրամիությունը «հորդորեց», ինչպես յուրաքանչյուր մարտի վերսկսման ժամամակ «երկու կողմերին էլ վերջ տալ զինված դիմակայությանը և զերծ մնալ ցանկացած գործողություններից և ցանկացած լարվածության աղբյուր հանդիսացող դիսկուրսից »։

Մյուս կողմից թուրքական իշխանությունները չունեն  նույնիսկ նվազագույն զսպվածություն:  Նախագահ Էրդողանը, որին հետևեցին նրա նախարարները և թուրքական մամուլը, հայտարարեցին՝ «մենք կշարունակենք կանգնել Ադրբեջանի կողքին մեր բոլոր միջոցներով»: Պետք է հիշել, որ Թուրքիան  տարածաշրջանային տերություն է և Եվրոպայում՝ ՆԱՏՕ-ի առաջին ամենամեծ ռազմական ուժը և  շարունակում է բուռն ու ստվերոտ թշնամություն կիրառել 1915 թվականի ցեղասպանությունից վերապրածների սերունդների նկատմամբ:

Բելգիայի Թագավորությունը, ինչպես նաև Եվրոպան, սխալական կեցվածք  են ընդունում՝  պահպանելով անտարբեր չեզոքություն։ Նմանատիպ պահվածքն իսկապես նոր  էսկալացիայի հրավեր է, որը անխուսափելիորեն կհանգեցնի լայնածավալ բախումների: 

Իրական գործողությունները հօգուտ խաղաղության և մարդու իրավունքների՝  

Բելգիայից և Եվրոպայից պահանջում են լինել անաչառ, քաջատեղյակ և հարկ եղած դեպքում դատապարտել հրադադարի ռեժիմի խախտումները, ինչպես նաև պայմանավորվածությունների  չարաշահումները։

Հիշեցնենք, որ նախորդ մարտում՝ 2016-ի ապրիլին ադրբեջանցի զինվորները խոշտանգել և  դաժան մահապատժի են ենթարկել   հայ գերիների, քաղաքացիական անձանց և զինվորների, իսկ մի քանիսին նույնիսկ գլխատել են: Այս վայրագությունները չեն դատապարտվել ԵՄ-ի կամ Բելգիայի կողմից: Այսպիսի նախադեպերը հիմք են հանդիսանում հետագայում նման վայրագությունների վերսկսելուն:

Վերջին օրերին Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը բարձրացրել է սպառնալի հայտարարություն՝ ռմբակոծել Հայաստանի  մայրաքաղաքի մերձակայքում գտնվող ատոմակայանը, ինչն անարձագանք մնաց եվրոպական մայրաքաղաքներից։