27-02-2021- Բելգիահայ Դեմոկրատների Միություն
 «Այս հոդվածը անհատական ներդրում է Հայաստանում ներքաղաքական ճգնաժամի շուրջ բանավեճում: Այն պայմանականորեն չի արտացոլում Բելգիայի Հայերի Կոմիտեի տեսակետները:»
 
Կոչ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին՝  իշխանական եւ ընդդիմադիր շրջանակներին, զինված ուժերին եւ ժողովրդին: 
 
Հարգելի՛ հայրենակիցներ,
 
Լինելով մտահոգ Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի համար՝ կուզենայինք հակիրճ արտահայտել մեր մտքերը  և առաջարկել լավագույն ելքի ճանապարհը ամբողջ հայ ազգի օգտին։ 
Ներքաղաքական լարված վիճակը, որ ծագել է պատերազմի ողբերգական արդյունքների հետևանքով, կարող է խորացնել այդ ձախողությունը եւ պատճառ դառնալ ավելի մեծ դժբախտության, եթե շուտափույթ եւ խաղաղ լուծում չգտնվի։
 
Նման վտանգի վառ ապացույցը կարելի է տեսնել ուղիղ հարյուր տարի առաջվա մեր պատմության բախտորոշ ժամանակահատվածի մեջ։ 1920 թվականի գրեթե նույն  օրերին պատերազմը սկսած եւ վերջացած էր։ Հայաստանի պարտված դաշնակցական կառավարությունը Սովետական Ռուսաստանի միջամտությամբ իշխանությունը բոլշևիկներին հանձնելուց երկուսուկես ամիս հետո՝ 1921 թվականի փետրվարին, ապստամբություն կազմակերպելով վերստին տիրացավ Երեւանին, սակայն մի քանի ամիս տևող այդ արկածախնդրության ընթացքին Մոսկվայի պայմանագիրը կնքվեց թուրքերի եւ ռուսների միջև, որտեղ Հայաստանի արևմտյան սահմանագծերը որոշվեցին առանց Հայերի ներկայության, քանի որ Հայաստանի Սովետական Հանրապետության Մոսկվա ժամանած արտգործնախարարը կորցրած էր իր իրավասությունը։ Ահա այդ բացակայության ու անորոշության պայմաններում Ղարսի նահանգը եւ Սուրմալուի գավառը հեշտությամբ թողնվեցին Թուրքիային, իսկ Նախիջեւանը բաժին ընկավ Ադրբեջանին։
 
Պատմությունը համանման դեպքերով կրկնվում է առ այսօր։ Հայաստանի ներքին խառնաշփոթ վիճակը թուրքերի ախորժակն է բարձրացնում։ Նրանք բացէիբաց խոսում են արդեն Արցախի դեմ երրորդ պատերազմի, ինչպես նաեւ Սյունիքը նվաճելու մասին։ Մարտի 16-ին, այսինքն Մոսկվայի պայմանագրի հարյուրամյակին,  մեզ ի՞նչ անակնկալներ են սպասում դեռ․․․ չգիտենք։ Բայց մի բան հստակ է՝ Էրդողան կոչեցյալ ժամանակակից կարմիր սուլթանը շարունակում է քայլել իր արյունալի պատմության հետքերի վրա՝ ընտրելով խորհրդանշական թվականներ կարեւոր հարձակումների եւ հռչակահանդեսների համար։ Վտանգները իսկապես մեծ են, իսկ ներքին դրությունը՝ շատ մտահոգիչ։
 
Նախկինների եւ ներկաների միջեւ քաշկռտուքը այս չորրորդ ամիսն է, որ կը շարունակվի երկկողմանի վիրավորանք եւ սպառնալիքներով լի՝ առանց որեւէ արդյունքի։ Վարչապետը մի պահ հայտարարել է արտակարգ ընտրությունների երթալու մտադրությունը, իսկ 17 ընդդիմադիրների առաջ քաշած անհապաղ հրաժարականի պահանջը թույլ չի տվել այդ ուղղությամբ համաձայնության գալու։ Հատկապես նախկին իշխանության շրջանակները, որոնք կը ներկայացնեն սույն ընդդիմադիրների զգալի մի մասը՝ բոլորովին անզիճելի կեցվացքով բարդացրել են իրավիճակը, անտեսելով իրենց մեղավորության մեծագույն բաժինը ստացված դժբախտության մեջ։
 
Իհարկե՝ առանց նոր ընտրությունների իշխանափոխություն պարտադրելը ո՛չ ժողովրդավար կը լիներ եւ ո՛չ ալ սահմանադրական։ Ճիշտ է, որ պարտված կառավարության վարչապետը դիվանագիտական դաշտի վրա բանակցությունները շարունակելու առումով նախընտրելի չէր։ Բայց այդ հանգամանքը երկրի օգտին փոխելու համար պետք էր համոզիչ լեզվով օրակարգ բերել եւ սահմանադրական կարելիության ներքո ժամանակավոր մի կառավարություն կազմելու խաղաղ լուծում առաջարկել՝ այլ ոչ թե ապօրինի հեղաշրջման փորձեր կատարել։
 
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և մի շարք բարձրաստիճան սպաների կողմից վարչապետին ուղղված հրաժարականի պահանջը առավել ևս սրեց սպառնալի վիճակը։ Սա մի տեսակ ռազմական ճնշում կը նշանակէ եւ ամենեւին ընդունելի չէ Հայաստանի համար։ Հուսով ենք, որ բանակի հրամանատարները հաշվի կառնեն նաև իրավիճակից բխող ռազմական վտանգները եւ զերծ կը մնան այդ ուղղությամբ շարժվելուց։ Երեւակայենք թե ի՞նչ կստացվի եթե արտաքին հարձակման ենթարկվի Հայաստանի սահմանները,  այն պահին, երբ բանակը ներքաշված լինի քաղաքական խաղերի մեջ։
 
Ինչպես հարյուր տարի առաջվա, այնպես ալ այսօրվա դժվարին փուլը մեզանից կը պահանջե գիտակից մոտեցում և հնարավորինս միասնականություն։ Իշխանատենչ քաշկռտուքները այս պահին միայն կը ծառայեն թշնամու ծրագրերին։ Ուստի մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական շրջանակներին՝ առանց վիրավորանքի, առանց սպառնալիքի, իսկական երկխոսության կամքը ցուցաբերել ու ճգնաժամից ելնելու լավագույն միջոցների համար բանակցել։
 
Մեր կարծիքով ամենահարմար ճանապարհը կը լինի արտահերթ ընտրություններ կազմակերպելն և միաժամանակ Հայաստանի ու Արցախի իրավունքները պաշտպանելու ընդունակ մի անձնավորության վրա համաձայնվելը, ժամանակավոր կառավարություն կազմելը։ Եվ կամ մի ուրիշ տարբերակ՝ ներկա կառավարության կողքին արտահերթ ընտրությունների հարցով լիազորված եւ արտաքին քաղաքականության մասին խորհրդատու հանձնախումբեր ստեղծելը։ 
 
Նման տարբերակներից որ մեկն էլ  որ նախընտրվի, բոլոր կողմերի համաձայնությամբ պետք է լինի, որպեսզի իշխանափոխության հանդարտ ընթացքը ապահովվի։ Ցանկալի է այդ կազմի մեջ ներառել երկրի մտավորականության փայլուն դեմքերը, մանավանդ մեր պատմության անցքերին քաջածանոթ, աշխարհաքաղաքական ներկա վիճակին գիտակից, հեռատես և իրապաշտ հայացքի տեր անձնավորությունները։ 
 
Այս մտքերով կառաջարկենք կողմերին ժամ առաջ թոթափվել աղետաբեր մոտեցումներից, վերջ տալ ներքաղաքական լարվածությանը, աշխատել խաղաղ լուծում գտնելու եւ հայրենիքի ապագային համար լավագույն արտաքին կեցվածքով միասնական պայքար տանելու։
 
 27-02-2021
 Պելճիկահայ Տեմոկրատների Միութիւն