Եվրոպացի լրագրողը ԼՂ-ն բացահայտում է ուղղաթիռի խոցումից հետո Սկզբնաղբյուր: http://www.tert.am/ 24.11.14 Le Vif/L’express բելգիական պարբերականը «Լեռնային Ղարաբաղ. երկիր, որը գոյություն չուներ» վերնագրով անդրադարձ է հրապարակել՝ նվիրված Լեռնային Ղարաբաղին (հոդվածագիր՝ Ֆրանսուա Ժան դ՛Օտե): Աղբյուրը հենց սկզբից նշում է, որ Ադրբեջանի հետ մահվան ելքով բախումները հետաձգում են Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հեռանկարները: Հոդվածագիրը նաև առավել գեղարվեստորեն ներկայացնում է Ստեփանակերտի առավոտը՝ մգեցված ապակիներով «Լադա»-ներով, կիսադատարկ սրճարաններով և Ղարաբաղում տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ցույցով հանդերձ: Իսկ առօրյան՝ Հադրութի թթվի փառատոնով, վարչապետի շատ հին բջջային հեռախոսով ու պատկառելի հոգևորականներով հանդերձ:

 

Նշվում է, որ լեռների մեջ գտնվող Ստեփանակերտն աշխարհի միակ մայրաքաղաքն է, որն օդային ճանապարհ չունի:

Չնայած ունի նոր օդանավակայան՝ 2011-ից ի վեր: Հեղինակը նշում է, որ դրա պատճառն Ադրբեջանի սպառնալիքներն են՝ խոցել ցանկացած օդանավ, որ կնկատվի օդանավակայանի մոտ: Հեղինակը հիշեցնում է, որ Շուշիում դեռ նկատելի են քսանամյա վաղեմության հակամարտության «վերքերը»՝ ադրբեջանական ռմբակոծության հետքերի տեսքով:

Մեջբերվում է նոյեմբերի 12-ին ադրբեջանական ուժերի կողմից ղարաբաղյան օդուժի ուղղաթիռի խոցումը: Այս առնչությամբ հոդվածագիրը մեջբերում է Արցախի խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանին, ով ասում է, որ հայերն էլ կարող են խոցել ադրբեջանական օդանավերը, սակայն իրենք «չեն ցանկանում բարբարոսական խաղեր խաղալ» Բաքվի հետ:

Հեղինակի դիտարկմամբ՝ Հայաստանը հեռատեսորեն ողջամիտ քաղաքականություն է վարում Ղարաբաղի հարցով.

Արցախը չի ճանաչվում զուտ լարվածություն չառաջացնելու համար: Չնայած մյուս կողմից Արցախում ամեն ինչ է հայաստանյան՝ քաղաքացիների անձնագրերից, ապրանքների հայաստանյան նշագրումից մինչև դրոշ, որը «նույնական է Հայաստանի դրոշին»:

 Աղբյուրի դիտարկմամբ՝ ԼՂ հակամարտությունն իրականում այնքան էլ «սառեցված» չէ: Մեջբերելով Արցախի վարչապետին՝ հոդվածագիրը նկատում է, որ Ռուսաստանի շահերը ոչ միշտ են համընկնում տարածաշրջանային շահերին, իսկ ԵՄ-ն Արցախի հարցում «բացարձակ անտարբերություն է դրսևորում»:

Նշվում է, որ ադրբեջանական նավթը «երբեմն գերակշռում է մնացած ամեն ինչը»: Իսկ ԵՄ-ի կողմից ճանաչված չլինելու պայմաններում՝ Արցախում անգամ եվրոպական հասարակական կազմակերպություններ չեն գործում:

Հոդվածագիրն Արցախը քրիստոնեության կղզյակ է անվանում, որին սպառնում է տարածաշրջանի սահմաններին մոտեցած իսլամիստական վտանգը և Հայաստանի՝ մուսուլման հարևաններով շրջապատված լինելը: Սակայն միևնույն ժամանակ մեջբերվում է Պարգև արքեպիսկոպոսը, ով վաստահեցնում է, որ հայերը դարեր ի վեր սովոր են ու պատրաստ  այդ  սպառնալի դրությանը:

Հեղինակն իր անդրադարձը եզրափակում է դիտարկումներով, թե լրջության ու թափանցիկության ինչ բարձր ցուցանիշ ունեն ընտրություններն Արցախում: Եվ որ Արցախը հանցավորության ամենացածր ցուցանիշներից մեկն ունի աշխարհում: Նա ցավով արձանագրում է, որ միջազգային վարկանիշային աղյուսակներն այս իրողությունները չեն արտացոլում: